Մեդիան ցույց է տալիս իր մասին տվյալներն ըստ իր հայեցողության, այլ ոչ թե` ըստ պահանջի

Նոյեմբերի 12-ին տեղի ունեցավ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի նոր՝ «Հայաստանի մեդիա թափանցիկություն – 2021» հետազոտության արդյունքների շնորհանդեսն ու քննարկումը։

 

 

 

 

• Ինչպե՞ս է ներկայանում այսօրվա մեդիան իր լսարաններին, թափանցիկության ի՞նչ աստիճանով, նույնականացման ի՞նչ տվյալներ է հանրայնացնում։

• Ինչո՞ւ ԶԼՄ-ները պատշաճ չեն ներկայացնում իրենց մասին տվյալները, կա՞, թե՞ չկա դրա հանրային պահանջարկը։

• Չնայած, որ Տեսալսողական մեդիայի մասին օրենքն ընդունվել է վերջերս՝ 2020թ., սակայն այն ոչ մի կերպ չի անդրադառնում  հեռուստառադիոընկերությունների՝ օնլայն տիրույթում գործելու, լսարաններին ներկայանալու հարցին։ Ինչու՞։ Չէ՞ որ հեռուստառադիո արտադրանքը  սպառվում է նաեւ օնլայն տիրույթում։

• Ինչպե՞ս է անդրադառնում մի շարք ԶԼՄ-ների ոչ թափանցիկությունը լրագրողական համքարության համբավի վրա։

Այս խնդիրների մասին էին քննարկման մասնակիցների ելույթները, որոնց առանցքային ուղերձները ներկայացնում ենք ստորեւ։

 

 

 

 

Արթուր Պապյան - լրագրող, բլոգեր

Քանի որ ֆեյք նյուզը շատ է, նման հետազոտության կարիքը շատ կար։ Ինքս աշխատելիս անընդհատ փորձում եմ զանազանել ապատեղեկատվությունը, և ձեր պատրաստած թափանցիկության վարկանիշի ինֆոգրաֆիկան ինձ շատ է օգնելու, քանի որ այն լրատվամիջոցները, որոնք թափանցիկության ցածր տոկոսային խմբում են, ինձ համար հայտնվում եմ «կասկածյալի» ցանկում, այն լրատվամիջոցների շարքերում, որոնք կեղծ, մեկ աղբյուրի վրա հիմնված լուրեր են տարածում։ Իսկ այն, որ ինչպես ցույց տվեց այս հետազոտությունը, ԶԼՄ-ներ կան, որոնք իրենց կայքերում տվյալներ չեն նշում,իսկ սոցցանցերում նշում են, դա կարծում եմ այն պատճառով է, որ, օրինակ, ՖԲ-ն պահանջում է մի քանի պարտադիր տվյալներ ներկայացնել։

 

 

 

 

Արզուման Հարությունյան – Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիայի նախագահ

Հայաստանում ֆեյք լրատվության մեծ ծավալով առկայությունը հուշում էր, որ այս հետազոտության անհրաժեշտությունն ավելի քան արդիական էր։ Այն լուծում է երկու շատ կարևոր խնդիր՝ բավարարում է ինչպես հանրային, այնպես էլ համայնքային (լրագրողական համայնք նկատի ունեմ) պահանջները։ Փաստորեն այսօրվա մեդիա դաշտի մեծ մասը չի բավարարում ոչ միայն օրենքի, այլև ինքնակարգավորման պահանջները։ Շատ լրատվամիջոցներ չեն ներկայացնում նույնականացման համար անհրաժեշտ տվյալներ, ինչը բացասաբար է անդրադառնում ոչ միայն հանրային մեդիա ընկալման, գրագիտության բարձրացման, այլև լրագրողական համայնքի իմիջի վրա։
Շատ լավ կլինի, եթե հետազոտության արդյունքներն ուղարկվեն բոլոր լրատվամիջոցներին և հատկապես վերահսկող մարմնին, որպեսզի դաշտը կարգավորվի։

 

 

 

 

Սյուզաննա Բարսեղյան – սոցիոլոգ

Այս կարևոր հետազոտությունը, ինչպես նաև «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի մեդիա հետազոտությունները, չափազանց օգտակար են ոլորտի հետազոտողների և որոշում կայացնողների համար: Ունենալով այս հիմնարար տվյալները, որոշում կայացնողների կամ քաղաքականություն մշակողների սեղանին կարելի է դնել համակողմանի հետազոտություններ:

ԶԼՄ-ների մասին որոշ տվյալների թափանցիկության հարցը կարող է որոշիչ լինել նաև ապատեղեկատվության դեմ պայքարում:

 

       

 

 

Լաուրա Բաղդասարյան – «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն

Ինչո՞ւ ԶԼՄ-ները լիարժեք չեն ներկայացնում իրենց մասին տվյալները։ Կարծում եմ՝ որովհետև չկա հստակ սահմանված կարգ։ Ճանաչում եմ մի քանի այնպիսի լրատվամիջոցների ղեկավարների, որոնց հարթակներում չեն նշվում նաեւ նրանց՝ որպես խմբագիրների անունները, մեդիայի մասին ուրիշ տվյալներ։ Անձամբ եմ հարցրել մի քանի հոգու, թե ինչո՞ւ նրանց հարթակներում չկան այս տվյալը, մյուսը, մյուսը։ Մի մասը պատասխանել է, որ չեն էլ մտածել, որ դրա կարիքը կա։
Այսինքն՝ հնարավոր է, որ չներկայացնելը սկզբունք չէ, ուղղակի չեն կարծում, որ պետք է, ինչպես օնլայն մեդիայի դեպքում է՝ օրենքի պահանջ է։ Այս չիմացությունը հատկապես տարածված է հեռուստառադիոընկերությունների շարքերում։ 2020թ. ընդունված Տեսալսողական մեդիայի մասին օրենքն առհասարակ չի անդրադառնում այս տեսակի ԶԼՄ-ների օնլայն հարթակներում ներկայանալու ու նույնականացնելու կարգին։ Ուստի, հարկ են համարում՝ ներկայացնում են իրենց մասին տվյալները, հարկ չեն համարում՝ չեն ներկայացնում։ 

 

 

 

 

Աշոտ Մելիքյան – Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Իսկ ես կարծում եմ՝ երբ լրատվամիջոցն իր ելքային տվյալները չի հրապարակում, դա շատ ավելի լուրջ խնդիր է, քան ուղղակի այդ պահանջի մասին չիմանալը։ Շատ հաճախ այդ տվյալները միտումնավոր են թաքցվում։ Բազմաթիվ առցանց հարթակներ կան, որոնք շռայլորեն կեղծ լուրեր, ապատեղեկատվություն, մանիպուլյացիա, վիրավորանք ու զրպարտություն են տարածում, և հասկանալի է՝ եթե որևէ կերպ ներկայացնեն իրենց հիմնադրին, իրական սեփականատիրոջը, թողարկման պատասխանատուին, խմբագրության հասցեն, հեռախոսահամարները և այլն, կարող են լուրջ խնդիրներ ունենալ հանրության հետ, այդ թվում՝ դատական կարգով պատասխանատվության ենթարկվեն։ Հետևաբար՝ ելքային տվյալներ չհրապարակելը նաև այդ խնդիրներից խուսափելու փորձ է։ Մինչդեռ լրատվամիջոցների թափանցիկ գործունեությունը պետք է դառնա եւ օրենքի, եւ հանրության պահանջ։ Եթե ԶԼՄ-ն չի ներկայացնում իր տվյալները, ուրեմն իրեն չի նույնականացնում որպես լրատվամիջոց։ Օրինակ, ձեր ասելով՝ շատերը համարում են, թե էթիկայի կանոնագիր ունենալը ներքին խոհանոցի հարց է, մինչդեռ դա էլ է թափանցիկության պահանջ մեդիայի նկատմամբ՝ պետք է ունենալ եւ ներկայացնել լսարանին։

 

 

 

 

Քրիստինե Բարսեղյան – Hetq.am գործադիր տնօրեն

Ոչ թափանցիկ աշխատելաոճ ունեցող լրատվամիջոցներին, իմ կարծիքով, կարելի է բաժանել երկու խմբի՝ ԶԼՄ-ներ, որոնք ուղղակի անփույթ վերաբերմունք ունեն, եւ ԶԼՄ-ներ, որոնք դիտավորյալ չեն ներկայացնում իրենց մասին տվյալները, քանի որ դա պատասխանատվությունից փախչելու միջոց է, որպեսզի իրենց չկարողանան նույնականացնել, իրենք էլ կարողանան ապատեղեկատվություն եւ զրպարտություն տարածել։ Բայց սա անհավասար պայմաններ է ստեղծում լրատվամիջոցների համար․ օրենքի պահանջ չկատարողները հեշտությամբ փախչում են պատասխանատվությունից, իսկ պարտաճանաչները միշտ հայտնվում են հարվածի տակ։ Առաջին հերթին մե՛նք պետք է պահանջենք մեր գործընկերներից թափանցիկ աշխատել։ Եվ նման ուսումնասիրությունը կարող է շատ լավ սկիզբ դառնալ ոլորտում երկխոսություն սկսելու համար։ Այլապես, նաեւ մենք՝ տարիների ընթացքում կայացած մեդիաներս ենք կորցնում, քանի որ այդպես լսարանը բոլորի մեջ սկսում է հավասարության նշան դնել, եւ վստահության ճգնաժամը խորանում է առհասարակ լրագրողական աշխատանքի նկատմամբ։

Հետազոտության արդյունքներին կարելի է ծանոթանալ  այստեղ:                                          

Պատրաստեցին՝
Սոնա Քյուրքչյանը, Սարո Բաղդասարյանը

F

©2001-2024
"Ռեգիոն" հետազոտական կենտրոն

    +37410 563363
    [email protected]
    Բուզանդի 1/3, հարկ 8, Երևան

Կայքի նոր տարբերակը ստեղծվել է «Եվրոպական հիմնադրամ հանուն ժողովրդավարության» (EED) կազմակերպության աջակցությամբ։